Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Ի՞նչ ասաց ՌԴ նախագահը ՄԱԿ-ին ու աշխարհին

Ի՞նչ ասաց ՌԴ նախագահը ՄԱԿ-ին ու աշխարհին
29.09.2015 | 10:35

Սեպտեմբերի 28-ին տասնամյա ընդմիջումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հոբելյանական՝ 70-րդ նստաշրջանում: Ի՞նչ էր ասում ՌԴ նախագահը:

ՄԱԿ-ի 70-ամյակը նա որակեց լավ առիթ՝ պատմությանն անդրադառնալու ու ընդհանուր ապագայի մասին խոսելու: Պուտինը հիշեցրեց, որ 1945-ին նացիզմը ջախջախած երկրները միավորեցին ջանքերը՝ հետպատերազմյան աշխարհակարգի ամուր հիմքեր դնելու համար: Պետությունների փոխգործակցության առանցքային որոշումները ու ՄԱԿ-ի ստեղծման որոշումն ընդունվել են Յալթայի կոնֆերանսում: Նրա գնահատմամբ՝ ՄԱԿ-ը եզակի կառույց է, որ հավասարը չունի լեգիտիմության, ներկայացուցչականության ու ունիվերսալության առումով: Նա ընդունեց, որ վերջերս ՄԱԿ-ին հասցեագրվում է քննադատություն, որ բավականաչափ արդյունավետ չի գործում, իսկ սկզբունքային որոշումները բախվում են անհաղթահարելի հակասությունների՝ նախ և առաջ Անվտանգության խորհրդում, բայց նշեց, որ ՄԱԿ-ում տարաձայնություններ եղել են գործունեության 70 տարիներին և վետոյի իրավունքը միշտ է կիրառվել: ՄԱԿ-ը ստեղծելիս չէր էլ ենթադրվում, որ միակարծությունն է իշխելու, կառույցի իմաստը հենց կոմպրոմիսներ գտնելու մեջ է, իսկ ուժը՝ տարբեր տեսակետները հաշվի առնելու: Պատմական ծավալուն էքսկուրսից հետո ՌԴ նախագահն անդրադարձավ Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի իրավիճակին: Նրա գնահատմամբ՝ քաղաքական, սոցիալական պրոբլեմները հասունացել էին և մարդիկ փոփոխություններ էին ուզում, բայց ագրեսիվ արտաքին միջամտության հետևանքով պետական ինստիտուտների բարեփոխումներն ու կյանքը պարզապես կործանվեցին: «Դուք գոնե հիմա հասկանու՞մ եք՝ ինչ արեցիք»՝ հարցրեց Վլադիմիր Պուտինը: Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում ծագած իշխանության վակուումը հանգեցրեց անարխիայի գոտիների, որոնք անհապաղ ցրեցին էքստերմիստներն ու ահաբեկիչները: «Իսլամական պետության» դրոշների տակ տասնյակ հազարավոր զինյալներ են կռվում, նրանց թվում՝ իրաքցի նախկին զինվորականներ, որ 2003-ին Իրաք ներխուժումից հետո փողոց նետվեցին: Վարձկաններ է մատակարարում Լիբիան, որտեղ պետականությունը ոչնչացվեց՝ կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի ԱԽ № 1973 բանաձևը: Հիմա նրանց շարքերը համալրում են սիրիացի «չափավոր ընդդիմադիրները»: ՌԴ նախագահը հայտարարեց, որ «Իսլամական պետությունը» դատարկ տեղում չստեղծվեց՝ սկզբում կառույցը զենք էր անցանկալի աշխարհիկ վարչակարգերի դեմ: Պլացդարմ ստեղծելով Սիրիայում ու Իրաքում՝ «Իսլամական պետությունը» ընդլայնեց էքսպանսիան մյուս տարածաշրջաններում՝ նպատակադրելով գերիշխանությունը իսլամական աշխարհում և ոչ միայն: «Այս իրավիճակում երկերեսանիություն ու անպատասխանատվություն է հանդես գալ բարձրագոչ հայտարարություններով միջազգային ահաբեկչության մասին և աչք փակել ահաբեկիչների ֆինանսավորման ու աջակցության վրա, այդ թվում՝ ի հաշիվ թմրաբիզնեսի, նավթի ու զենքի անլեգալ առևտրի, կամ՝ փորձել օգտագործել էքստրեմիստական խմբավորումները սեփական քաղաքական շահերի համար, իսկ հետո նրանց ոչնչացնել»՝ ասաց ՌԴ նախագահը և զգուշացրեց, որ զինյալները շատ դաժան, բայց ոչ հիմար մարդիկ են ու դեռ հայտնի չէ՝ ով ում է օգտագործում:
Ահաբեկիչների հետ խաղերը նա որակեց անհեռատես ու հրդեհավտանգ: Գլոբալ ահաբեկչական սպառնալիքը կարող է նորանոր տարածաշրջաններ գրավել, առավել ևս որ «Իսլամական պետության» ճամբարներում «վերապատրաստվում են» շատ երկրների, այդ թվում՝ եվրոպական, զինյալներ: Բացառություն չէ և Ռուսաստանը: Չի կարելի թույլ տալ, որ արյան հոտն առած այդ մարդասպանները վերադառնան տուն և այնտեղ շարունակեն իրենց սև գործը:
Պուտինը հաստատեց, որ Ռուսաստանը ռազմատեխնիկական աջակցություն է ցույց տալիս Իրաքին, Սիրիային, տարածաշրջանի այլ երկրների, որ պայքարում են ահաբեկիչների դեմ: «Մեծագույն սխալ է հրաժարվելը համագործակցությունից Սիրիայի իշխանությունների ու կառավարական բանակի հետ, որ դեմ առ դեմ կռվում է ահաբեկիչների հետ: Պետք է վերջապես ընդունել, որ, բացի նախագահ Ասադի կառավարական ուժերից ու քուրդ աշխարհազորից, «Իսլամական պետության» ու մյուս ահաբեկչական կազմակերպությունների հետ ոչ ոք ռեալ չի կռվում»՝ արձանագրեց Պուտինը: Նա առաջարկեց առաջնորդվել ոչ թե ամբիցիաներով, այլ ընդհանուր արժեքներով ու շահերով՝ միջազգային իրավունքի հիմքի վրա, միավորել ջանքերը և ստեղծել միջազգային հակաահաբեկչական կոալիցիա՝ ինչպես հակահիտլերյան կոալիցիան էր, որ կարող է իր շարքերում միավորել ամենատարբեր ուժերի, ովքեր պատրաստ են վճռական դիմակայել չարիք ու մարդատյացություն սերմանողներին: Կոալիցիայի առանցքային անդամներ նա ցանկանում է տեսնել մուսուլմանական երկրներին՝ «Իսլամական պետությունը» ոչ միայն ուղիղ սպառնալիք է, այլև իր արյունալի հանցագործություններով պղծում է համաշխարհային մեծագույն կրոն իսլամը, աղավաղում իսկական մարդասիրական արժեքները:
Ռուսաստանը, իբրև ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահող, առաջիկայում հրավիրելու է նախարարների նիստ՝ քննարկելու Մերձավոր Արևելքի մարտահրավերները: Պուտինն առաջարկեց քննարկել «Իսլամական պետությանը» և մյուս ահաբեկչական խմբավորումներին դիմակայող բոլոր ուժերի գործողությունների կոորդինացիայի վերաբերյալ բանաձև ընդունելու հնարավորությունը, որի հիմքում ՄԱԿ-ի կանոնադրությունն է:
«Հույս ունենք, որ միջազգային հանրությունը կարող է ընդգրկուն ռազմավարություն մշակել Մերձավոր Արևելքի սոցիալ-տնտեսական վերականգնման ու կայունացման համար: Այդ դեպքում հարկ չի լինի փախստականների համար ճամբարներ կառուցել: Հայրենիքը հարկադրաբար լքող մարդկանց հոսքը սկզբում ողողեց հարևան երկրները, հետո՝ Եվրոպան: Խոսքը հարյուր հազարների մասին է, իսկ հետո կարող է միլիոնների վերաբերվել: Դա ժողովուրդների նոր ու դառը վերաբնակեցում է ու ծանր դաս բոլորի, այդ թվում՝ Եվրոպայի համար»,- ընդգծեց ՌԴ նախագահը: Փախստականների խնդրի արմատական լուծում նա համարեց պետականության վերականգնումը այն երկրներում, որտեղ ոչնչացվել է:
Պուտինը հիշեցրեց, որ ՄԱԿ-ի գլխավորությամբ միջազգային հանրության խնդիրն է խաղաղության, տարածաշրջանային ու գլոբալ կայունության ապահովումը, հավասար, չտրոհվող անվտանգության տարածքի ստեղծումը ոչ թե ընտրյալների, այլ բոլորի համար: Սակայն սառը պատերազմի բլոկային մտածողությունը և նոր աշխարհաքաղաքական տարածքների նվաճման ձգտումը դեռ գերակայում են: Նախ ընդլանվում է ՆԱՏՕ-ն: Ինչո՞ւ, եթե Վարշավայի պակտը դադարել է գոյություն ունենալ, իսկ ԽՍՀՄ-ը փլուզվել է, անուհանդերձ ՆԱՏՕ-ն մնացել ու շարունակում է ընդարձակել իր ռազմական ինֆրակառույցները: ՌԴ նախագահն ընդգծեց, որ հետխորհրդային երկրները դրվել են կեղծ ընտրության առաջ՝ լինել Արևմուտքի՞, թե՞ Արևելքի հետ: Վաղ թե ուշ առճակատման այդ տրամաբանությունը աշխարհաքաղաքական լուրջ ճգնաժամ է առաջացնելու: «Դա կատարվեց ՈՒկրաինայում, որտեղ օգտագործելով բնակչության մեծ մասի դժգոհությունը գործող իշխանությունից, դրսից զինված հեղաշրջում հրահրվեց: Հետևանքը եղավ քաղաքացիական պատերազմը: Մենք վստահ ենք՝ դադարեցնել արյունահեղությունը, փակուղուց ելք գտնել հնարավոր է միայն փետրվարի 12-ի Մինսկյան համաձայնագրի բարեխիղճ կատարմամբ»,- ասաց ՌԴ նախագահը և կոչ արեց հաշվի առնել Դոնբասի շահերն ու իրավունքները:
Անդրադառնալով տնտեսական խնդիրներին՝ նա նշեց, որ ոչ վաղ անցալում թվում էր, թե տնտեսության մեջ, որտեղ գործում են օբյեկտիվ շուկայական օրենքներ, կարող ենք առանց բաժանարար գծերի գործել, թափանցիկ, համատեղ մշակված սկզբունքներով, որոնք ենթադրում են ազատ առևտուր, ներդրումներ ու մրցակցություն: Սակայն այսօր նորմա են դարձել միակողմանի պատժամիջոցները՝ ՄԱԿ-ի կանոնադրության շրջանցումով, որ ոչ միայն քաղաքական նպատակներ ունեն, այլև ծառայում են շուկայից մրցակիցների դուրմղմանը: Նա նշեց տնտեսական էգոիզմի սիմպտոմը և մենատիրական որոշումների հակումը: Այս խնդիրները վերաբերում են բոլոր պետություններին, ներգործում են համաշխարհային տնտեսության հեռանկարների վրա, որոնք կարող են քննարկվել ՄԱԿ-ում, ԱՀԿ-ում, Քսանի խմբում: Էքսկլյուզիվ քաղաքականությանն ի հակակշիռ Ռուսաստանն առաջարկում է ինտեգրացիայի ինտեգրացիա՝ համաշխարհային առևտրի սկզբունքների թափանցիկ, ունիվերսալ սկզբունքների հիման վրա: Իբրև օրինակ՝ Պուտինը նշեց Եվրասիական տնտեսական միության և չինական նախաձեռնությունը Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման վերաբերյալ, նշեց ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի ինտեգրացիոն գործընթացների ներդաշնակեցման հնարավորությունը:
Իր ծավալուն ելույթում ՌԴ նախագահը անդրադարձավ և բնապահպանական խնդիրներին ու կլիմայի գլոբալ փոփոխություններին:
«1946-ի հունվարի 10-ին Լոնդոնում աշխատանքները սկսեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին նստաշրջանը, որը բացելով նախապատրաստական հանձնաժողովի նախագահ, կոլումբիացի դիվանագետ Զուլետա Անխելը սեղմ բանաձևեց սկզբունքները, որոնց հիմքով իր գործունեությունը պիտի կառուցի ՄԱԿ-ը՝ բարի կամքը, արհամարհանքը ինտրիգների ու խորամանկության նկատմամբ, համագործակցության ոգին: Այսօր այդ բառերը հնչում են իբրև մեզ ուղղված մաղթանք: Ռուսաստանը հավատում է ՄԱԿ-ի վիթխարի ներուժին, որ պետք է օգնի խուսափել նոր գլոբալ առճակատումից և անցնել կոոպերացիայի ռազմավարությանը» հավարտ ելույթի ասաց ՌԴ նախագահը՝ վստահություն հայտնելով, որ համատեղ հնարավոր է աշխարհը դարձնել կայուն ու անվտանգ, ապահովել բոլոր պետությունների ու ժողովուրդների համար զարգացման հնարավորություններ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եթե համբերություն ունեցաք այսքանը կարդալու, ասեմ, որ ՄԱԿ-ի ամբիոնից երկրորդը խոսեց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, վեցերորդը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Երբ խոսում էր Օբաման, Պուտինը դեռ ՄԱԿ չէր ժամանել, երբ խոսում էր Պուտինը, Օբաման դահլիճում չէր: Իսկ հետո նրանք հանդիպեցին, բայց դա արդեն այլ խոսակցություն է:

Դիտվել է՝ 1021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ